Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ԱԺ-ում բացատրեց՝ «1000 դրամ» նախագիծը հարկից տարբերվում է նրանով, որ միտված է կոնկրետ խնդրի լուծմանը, ոչ թե ընդհանուր բյուջեի ձևավորմանը: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նախարարին առաջարկեց զինծառայողներին նվազագույն աշխատավարձ հատկացնել:
«Ինչո՞ւ աշխատավարձ չի ստանում զինվորը: Ինչո՞ւ նույն կերպ չենք մտահոգվում կենդանի մարդկանց մասին, ողջերի մասին: Դա կարևոր է», - հարցրեց պատգամավորը: «Ես պատրաստ եմ ձեզ հետ երկար ճանապարհ անցնել՝ այդ գումարը որոնելու, վճարելու առումով: Ես միայն երջանիկ կլինեմ, որ զինծառայողն իմանա, որ ծառայության ժամանակ իր ընտանիքը նվազագույն աշխատավարձ կունենա: Աղբյուրը գտնենք, ես կարող եմ դառնալ համահեղինակ»,- ասաց նախարարը: Պաշտպանության նախարարը նշեց, որ նպաստը ենթադրում է սոցիալական բաղադրիչ:
«Մենք չենք վճարում նրան, ով մահացել է: Մենք վճարում ենք այն զինվորին, որն առաջնագծում մարտական խնդիր է կատարել, զոհվել է՝ իրենից չկախված հանգամանքներում: Նպաստը պետք է վճարել որևէ մեկին, դա կապված է կյանքի հետ: Ապահովագրություն է, այո, ռիսկը այն է, որ ռազմական գործողություններ կան, սահմանը լարված է: Մենք անում ենք ամեն ինչ, որ զոհերի թիվը նվազի, բայց ռիսկը կա», - ընդգծեց Վիգեն Սարգսյանը:
«Ես ընդդիմադիր պատգամավոր եմ, ես գլուխս խփեմ պատին, պատը խփեմ գլխիս, ոչ մի բան չի փոխվում: Դուք ասում եք՝ որտեղի՞ց վերցնենք, բա հազար ավելորդ մեքենա կա ամեն տեղ, կրճատեիք, տայիք զինվորին»,- արձագանքեց Հրանտ Բագրատյանը: